Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Միջին Արևելքի արվեստ» ցուցադրության վերջնական հանգրվանը կարելի է համարել գրականության և արվեստի թանգարանը»

«Միջին Արևելքի արվեստ» ցուցադրության վերջնական հանգրվանը  կարելի է համարել գրականության և արվեստի թանգարանը»
12.02.2016 | 11:39

Տևական դադարից հետո Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) վերաբացվել է սփյուռքահայ արվեստագետ, հավաքորդ, Երևանի պատվավոր քաղաքացի, լուսահոգի Մարկոս Գրիգորյանի բազմաբնույթ, շքեղ հավաքածուն ներկայացնող «Միջին Արևելքի արվեստ» հիմնական ցուցադրությունը: Մեծարժեք այս հավաքածուն մեր հայրենակիցը տասնամյակներ առաջ նվիրաբերել է նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետությանը: Այն հանձնվել էր ԳԱԹ-ին ի պահ և դարձել սիրված ու պահանջված թե՛ հայաստանցի ու հայ, թե՛ օտարերկրացի ու օտարազգի արվեստասերների կողմից:
Օրերս կայացավ «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրության վերաբացումը:
Իր հերթական մշտական ցուցադրությունը լայն հանրությանը ներկայացնելուց առաջ ԳԱԹ-ը հյուրընկալեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ովքեր մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հանրապետության մշակութային դաշտում իր կարևոր տեղն ունեցող հավաքածուին:
Այդուհետ կայացավ պաշտոնական բացումը արվեստասեր լայն հանրության համար՝ ՀՀ մշակույթի նախարարի, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և այլ հյուրերի մասնակցությամբ:
«Իրատեսի» այսօրվա զրույցն անդրադարձ է այդ իրադարձությանը: Իմ զրուցակիցը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:

«ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆ»


-Պարոն Վարդանյան, ի՞նչ բովանդակային, կոնցեպտուալ նկարագիր ունի ԳԱԹ-ի «Միջին Արևելքի արվեստ» նոր ցուցադրությունը և ի՞նչ ակնկալիքներով է վերաբացվել այն:
-Այս ցուցադրության բացումն անսովոր իրադարձություն է: Սա վերջին երեք տարվա ընթացքում գրականության և արվեստի թանգարանի չորրորդ հիմնական ցուցադրությունն է: Ժամանակավոր ցուցադրություններ ունենում ենք ամեն ամիս, նույնիսկ՝ ավելի հաճախ: Մենք չենք շրջանցում գրական, մշակութային գործիչների որևէ հոբելյան, այդ ոլորտի որևէ կարևոր իրադարձություն: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, պիտի նշեմ, որ հավաքածուն աներևակայելիորեն բազմազան է: Այսինքն, այն ունի տասնյակ ենթահավաքածուներ՝ առաջին հայացքից մեկը մյուսի հետ կապ չունեցող: Զինատեսակներ, կենցաղային առարկաներ, աշխատանքային գործիքներ, գորգեր և այլն, և այլն: Սրանցից բացի, հավաքածուի նվիրատուի՝ Մարկոս Գրիգորյանի հեղինակային աշխատանքները: Այդ ամենը համատեղելու-համադրելու խնդիրն անչափ բարդացրեց ցուցադրության հայեցակարգի մշակման գործընթացը: Տրամաբանական կապը գտնելն էր շատ դժվար, այն կապը, որը պիտի հիմք դառնար հայեցակարգի համար: Եվ թերևս, այդ աներևակայելի բազմազանությունն էլ հենց հիմք ընդունեցինք՝ որպես տրամաբանություն ու տրամաբանական կապ, որպես հայեցակարգ, ու այդ հիմքով էլ կայացրինք ցուցադրությունը: Ասեմ, որ մենք մեծ հույսեր, նպատակներ ենք կապում այս ցուցադրության հետ: Գրականության և արվեստի թանգարանի մշտական ցուցադրության՝ առանց այն էլ սուղ տարածքից մի զգալի հատված տրամադրեցինք Միջին Արևելքի արվեստի նմուշներին: Ինչո՞ւ: Նախ այն բանի համար, որ այդ հավաքածուն իր բացառիկությամբ շատ պիտի հետաքրքրի մեր արվեստասեր հանրությանը, և երկրորդ, որ պակաս կարևոր չէ, մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների սերտացմանը նպաստող գործոն պիտի դառնա, քանի որ հավաքածուի մոտ 70-80 տոկոսն ընդգրկում է Իրանի տարբեր տարածաշրջանների, տարբեր հազարամյակների մշակույթը: Մենք գիտենք, որ տարեկան տասնյակ հազարավոր իրանցիներ են այցելում Հայաստանի Հանրապետություն, և նրանց դեսպանատունն էլ հետամուտ է իր քաղաքացիների մշակութային ժամանցը հնարավորինս բովանդակալից կազմակերպելու նպատակին: Արդեն նախնական պայմանավորվածություն ունենք ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանատան մշակույթի բաժնի հետ, համաձայն որի՝ այս ցուցադրությունն ամրագրված կլինի իրենց մշակութային երթուղիներում:
-Այսինքն, «Միջին Արևելքի արվեստ» հիմնական ցուցադրությունն ունի նաև ստրատեգիակա՞ն արժեք Հայաստան-Իրան պետությունների և նրանց ժողովուրդների փոխհարաբերություններում:
-Անպայմա՛ն: Լինելով մշակութային ժողովուրդ՝ իրանցիները մեծ պատկառանք ունեն իրենց մշակութային ժառանգության նկատմամբ: Տեսնելով այս հավաքածուի մեջ իրենց մշակութային ժառանգության մի քանի հազարամյա դրսևորումները՝ իրենք իսկ հետամուտ կլինեն ԳԱԹ-ի «Միջին Արևելքի արվեստ» հիմնական ցուցադրությունը դարձնելու այն մշակութային խարիսխը, որի շուրջ կարելի կլինի ի մի բերել և իրականացնել տասնյակ ու տասնյակ համատեղ նախագծեր:

«1993-ԻՆ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»


-Այս հավաքածուի հանդեպ հոգածու վերաբերմունքի դրսևորումն ու այն պատշաճորեն հանրությանը ներկայացնելու փաստը մեկ այլ ստրատեգիայի կիրառում էլ են ենթադրում, ըստ իս: Մարկոս Գրիգորյանը մեկն էր պատկառելի կարողության տեր բազմաթիվ սփյուռքահայերից, ով իր հավաքածուն նվիրաբերեց մայր հայրենիքին: Այս ցուցադրության գոյությունը կամա-ակամա ազդակ է դառնալու աշխարհով մեկ սփռված այլ հայորդիների համար՝ իրենց կարողությունը հայրենիքին ի պահ տալու, Հայաստանում նմանատիպ մեկ այլ հաստատություն ստեղծելու առումով: Համամիտ չե՞ք:
-Դա ևս շատ կարևոր խնդիր է: Դեռ անկախության առաջին տարիներին է Մարկոս Գրիգորյանը նախաձեռնել իր հավաքածուն Հայաստանին նվիրաբերելու գործը: ՀՀ կառավարությունն էլ այդ ժամանակվանից հավաքածուն հանձնել է ի պահ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, որի տարածքում 1993-ին բացվել է Մարկոս Գրիգորյանի հավաքածուն ներկայացնող ցուցադրությունը: Այդ հավաքածուի նմուշները նա հավաքել է իր ամբողջ կյանքի ընթացքում՝ ոչինչ չխնայելով, ամեն մի առարկա հատուկ վերաբերմունքի արժանացնելով, հոգատարությամբ պահպանելով: Դա առաջին դեպքն էր, որ Հայաստանն ստանում էր նման արժեքավոր նվիրատվություն: Եվ ուսանելի օրինակ էր: Իհարկե, ամեն անգամ անհատ այցելուներին և էքսկուրսիոն խմբերին մենք ծանուցելու ենք այս իրողության մասին, պատմելու ենք մեր իրանահայ, հետագայում՝ ամերիկահայ նվիրատուի մասին, գնահատելու ենք նրա արած քայլի նշանակությունը: Ցավոք, հետագա տասնամյակների ընթացքում Մարկոս Գրիգորյանի կատարած քայլն ընդօրինակողներ չեղան: Նվիրատուները շա՜տ-շատ են: Հենց մեր թանգարան գրեթե ամեն օր գալիս են սփյուռքահայեր, որոնք տարբեր արժեքավոր նմուշներ են նվիրաբերում մեզ: Բայց այսպիսի մեծ, ծավալուն հավաքածու, որը ձևավորվել է մարդու ամբողջ կյանքի ընթացքում, մենք դեռ որևէ մեկից չենք ստացել:

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ՍՏԱՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


-«Միջին Արևելքի արվեստ» հիմնական ցուցադրության վերաբացումը կարևորվեց մեր երկրի առաջին դեմքի մակարդակով. թանգարան այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպիսի՞ն էր նրա տպավորությունը:
-Ինձ թույլ եմ տալիս հայտարարել, որ նախագահը բավականին տպավորված էր: Նախատեսվածից շատ ավելի երկար տևեց նախագահի այցելության ընթացքը: Դա հենց պայմանավորված էր նախագահի հետաքրքրվածությամբ: Ասեմ, որ մենք ինքներս շատ տպավորվեցինք Միջին Արևելքի գրականության, մշակույթի վերաբերյալ նրա հիմնավոր իմացությամբ: Գրեթե բոլոր ենթահավաքածուների մասին նա հարցեր էր տալիս, դատողություններ անում: Դա պաշտոնական այցելություն էր, որից բավարարված հեռացավ նախագահը: Մեզ համար շատ կարևոր էր ստանալ նախագահի հավանությունը, և քանի որ նա շատ տպավորված էր ցուցադրությունից, մենք մեզ թույլ ենք տալիս ասել, որ ստացել ենք նախագահի հավանությունը: Իսկ լայն հանրության համար ցուցադրության բացումը կայացավ նախագահի այցելությունից օրեր անց, և այժմ մենք ակնկալում ենք, որ կունենանք այցելուների մեծ հոսք:
-Իսկ ի՞նչ վերջնական լուծում է ենթադրվում Մարկոս Գրիգորյանի հավաքածուի համար: Գրականության և արվեստի թանգարա՞նն է լինելու դրա մշտական հանգրվանը, թե՞ ենթադրվում է մեկ այլ տարածքում, առանձին թանգարանի կարգավիճակով գործելու հեռանկար:
-Որքան գիտեմ, այդ հարցերը շոշափվել են նվիրատվությունը կատարելու օրվանից սկսած մինչև վերջին տարիները: Մարկոս Գրիգորյանն ինքը առանձին տարածք էր ակնկալում իր հավաքածուի ցուցադրության համար, և հավաքածուն արժանի է առանձին տարածքում ցուցադրվելու, որպես առանձին թանգարան գործելու: Բայց հիմա այդ հարցի քննարկումը տեղին չէ և պատեհ չէ: «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրության վերջնական հանգրվանը կարելի է համարել գրականության և արվեստի թանգարանը: Մանավանդ որ այս որակի, այսպիսի լուծումների մեջ արված ցուցադրությունը նաև Մարկոս Գրիգորյանի երազանքն էր: Մենք երջանիկ կլինեինք, եթե նա ողջ լիներ և իր աչքերով տեսներ այս ամենը: Վստահ եմ, որ ինքն էլ ամեն կերպ պիտի աջակցեր այս ցուցադրության կայացմանը: Այսինքն, սա ժամանակավոր ցուցադրություն չէ: Այն դեպքը չէ, որ որոշ ժամանակ անց ցուցադրությունն ապամոնտաժվի և տեղափոխվի այլ տարածք: Սա մեր՝ գրականության և արվեստի թանգարանի հիմնական ցուցադրության կողքին գործող երկրորդ հիմնական ցուցադրությունն է, որը մենք նախատեսել ենք մի քանի տասնամյակի համար:

«ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀՈՂԻՑ, ԾՂՈՏԻՑ ՍՏԵՂԾԵՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՄԵՋ
ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ԿՐՈՒՄ»


-Խոսենք նաև Մարկոս Գրիգորյան արվեստագետի մասին: Ոչ միայն այն պատճառով, որ նա այս հավաքածուի նվիրատուն է, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցադրությունը ներառում է հենց իր հեղինակային գործերը, ինչպես նախորդիվ ինքներդ նշեցիք:
-Այո՛, այս ցուցադրության կարևոր առաքելություններից մեկն էլ նվիրատուին՝ Մարկոս Գրիգորյանին ներկայացնելն է: Չէ՞ որ նա ընդամենը արվեստասեր չէր, որ հավաքում էր ինչ-ինչ առարկաներ, արվեստի գործեր: Նա նկարիչ էր, փիլիսոփա, գորգագետ, մարզիկ, դերասան: Մի խոսքով, լայն հետաքրքրությունների և զբաղումների տեր մի անձնավորություն, երևելի մի հայորդի, ով գոնե կերպարվեստի աշխարհում թողեց իր մնայուն հետքը: Նա համարվում է հողարվեստի հիմնադիր: Ափսոս, որ մենք նրա հողարվեստի մի քանի գործ ենք ընդամենը կարողացել ներկայացնել՝ տարածքի սղության պատճառով: Ներկայացրել ենք նաև նրա կտավներից մի քանիսը: Սա արվեստագետ Մարկոս Գրիգորյանին լիարժեք ներկայացնելու իմաստով բավարար չէ, ընդամենը կօգնի, որպեսզի կերպարվեստի աշխարհի ներկայացուցիչները կարողանան պատկերացում կազմել, թե ինչպիսի ներդրում ունեցավ Մարկոս Գրիգորյանը համաշխարհային կերպարվեստում: ՈՒնեցավ նաև հետևորդներ: Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ նա դարձավ ուրույն դպրոցի հիմնադիր: Մարդ, ով խորին պաշտամունք ուներ հողի հանդեպ և կարողացավ հողը, որպես նյութ, բերել կերպարվեստ: Հողից, ծղոտից ստեղծեց աշխատանքներ, որոնք իրենց մեջ մեծ խորհուրդ են կրում: Մեր նպատակներից մեկն էլ այս ցուցադրությամբ լայն հանրությանը Մարկոս Գրիգորյանին այդ կողմով ներկայացնելն է: Ցավոք, նրա անունը միայն մասնագիտական շրջանակներին է հայտնի: Մենք ձգտելու ենք վերացնել այդ բացթողումը, հանրահռչակել Մարկոս Գրիգորյանի արվեստը, նաև նրա կենսագրությունն ու ստեղծագործական վաստակը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ